Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլա Մոհամադ Հասան Ախթարիին: Նա ողջունել է Այաթոլա Ախթարիի այցը Հայաստան և Ս. Էջմիածին և նշել, որ նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են փոխճանաչողությանն ու միջկրոնական երկխոսությունների առավել զորացմանը, այլև դրական ներգործություն են ունենում երկու հավատավոր ժողովուրդների զավակների վրա` ապրելու խաղաղ և ստեղծագործ կյանքով: Ընդգծելով միջկրոնական երկխոսությունների անհրաժեշտությունը` Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները ևս կարևոր դերակատարություն կարող են ունենալ աշխարհի տարբեր կողմերում իրականացվող ոճրագործությունների և ահաբեկչական գործողությունների կանխարգելման, հետևանքների հաղթահարման գործում, հատկապես այսօր հաճախ ահաբեկչությունը քողարկվում է կրոնական գործոնով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը, մտահոգություն հայտնել Միջին Արևելքում տիրող ծանր կացության վերաբերյալ:
Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին և ներկա հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ դա քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է: Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել հայ համայնքի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ Իրանի իշխանությունների ուշադրության համար: Հրավերի և ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Այաթոլա Մոհամադ Հասան Ախթարին` փառք տալով Երկնավորին, որ բարեկամ երկու ժողովուրդների ջերմ հարաբերություններն ընդլայնվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարը կարևորել է միջկրոնական երկխոսությունները` նշելով, որ կրոնական առաջնորդների համագործակցությունը գեղեցիկ օրինակ կլինի աշխարհի ժողովուրդների համար և կառաջնորդի նրանց դեպի բոլոր կրոնների քարոզած վեհ ու նվիրական արժեքները: Այաթոլա Մոհամադ Հասան Ախթարին անդրադարձել է ծայրահեղականության դրսևորումներին: Նա ընդգծել է, որ որևէ կրոն կոչ չի անում սպանել Աստծո արարածներին, և կրոնական գործիչների պարտականությունն է խստորեն դատապարտել մարդկանց կրոնական հավատալիքները չարաշահող բոլոր այդ երևույթները: Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարը խոսել են երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության և հոգևորականների պատրաստության մասին: Մարդկային կյանքը հուզող տարբեր խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է միջկրոնական համագործակցության ընդլայնումը և համատեղ քայլերի ձեռնարկումը:
Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքներն է փոխանցել Համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարին` հայցելով Բարձրյալի օրհնությունը բարեկամ ժողովրդի կյանքին: